Հույս ունենք, որ Փաշինյանը կարագացնի իր ստորագրած փաստաթղթերի կիրառումը․ թուրք պաշտոնյա

Հուլիսի 27-ին Բաքվում Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները ստորագրել են «Բաքվի հռչակագիրը»: Ստորագրման արարողությունից առաջ ելույթ է ունեցել Թուրքիայի

մեջլիսի նախագահ Մուսթաֆա Շենթոփը և նշել, որ 3 երկրներն իրենց տարածաշրջաններում մշտական բնույթ ստացած խնդիրների լուծման համար պատասխանատվություն են կրում: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Շենթոփն ընդգծել է, որ քաղաքական հարցերին զուգահեռ 3 երկրների համագործակցության անկյունաքարերն են նաև պաշտպանության, տրանսպորտի, տարածաշրջանային կապակցվածության, առևտրի, էներգետիկայի, կրթության, զբոսաշրջության, ՏՏ ոլորտներում համատեղ գործունեությունը:

Նա «արժեքավոր գործընթաց է» որակել համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու մասին Ադրբեջանի՝ որպես հաղթած պետության արած կոչերը Հայաստանին:

«Հավատում ենք, որ ամենաճիշտ քայլը, որ կարող է անել Հայաստանը, վերոնշյալ կոչին լավ մտադրությունով և կառուցողական մոտեցմամբ պատասխանելն է: Հույս ունենք, որ չնայած պատերազմում պարտությանը, հունիսի 20-ին վերընտրված Փաշինյանը կարագացնի իր ստորագրած փաստաթղթերի

կիրառումը: Եթե այս քայլն անկեղծորեն արվի, ապա ցանկանում եմ կրկին հայտնել, որ Թուրքիան նմանատիպ մոտեցմամբ կպատասխանի»,- ասել է Մուսթաֆա Շենթոփը։