Դոզան այն չէր

Այո, Սերժ Սարգսյանի խոստացած և ապա հրապարակած «էնպիսի բաներից» առաջինն այն տպավորությունը չգործեց… Անձամբ ես ՀՀ երրորդ նախագահից ավելի զիլ հրապարակում էի սպասում, այնպիսի բացահայտում, որ Նիկոլին այլ ելք չէր թողնելու, քան գլուխն առնելն ու կորչելը:

Եվ հիմա ինձուինձ մտածում եմ՝ գուցե սա առաջին թիթեռնիկն էր, գուցե Սերժ Սարգսյանը չուզեցավ ջինը միանգամից բաց թողնել, գուցե որոշ բաներ պահեց ապագայում հրապարակելու համար: Իսկ եթե սա նախազգուշական «կրակո՞ց» էր… Չգիտեմ, առայժմ բան չեմ հասկանում, բայց հասկացողներ, իհարկե, եղել են:

Լևոն Տեր-Պետրոսյանն, օրինակ, վստահ ասել է, որ Սերժ Սարգսյանի հրապարակած «նորություն-ձայնագրությունը» մեկնաբանելու ենթակա չէ, որակ չունի և այլն: Հասկանալ կարելի է առաջին նախագահին, որին ուղղակի ձեռնտու չէ այս թեմայի արծարծումը:

Դե նա է կանգնած Արցախի հետագա անորոշ կարգավիճակի դիմաց ազատագրված տարածքների վերադարձի հանճարեղ գաղափարի հետևում: Ի դեպ, հենց այդ գաղափարից կառչած էլ 30 տարի շարունակ Ադրբեջանը պայքարել է հողերը հետ ստանալու համար, ինչին վերջապես հասավ Փաշինյանի իշխանության օրոք:

Պետք է ասել, որ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունից որոշ բաներ էլ Նիկոլն է հասկացել: Դիցուք՝ նա կարծում է, որ հրապարակված «կոմպրոմատը» մի բան էլ ի վնաս Սերժի է, այսինքն՝ հօգուտ իրեն: Եվ իր կարծիքն էլ ներկայացնում է որպես հանրության կարծիք. «Հանրությունը մի փոքր տարակուսած է: Նրանք հարց են տալիս, ասում են՝ հիմա այս ձայնագրությունով, չհասկացանք, Սարգսյանն ուզում էր վնա՞ս տալ Փաշինյանին, թե՞ օգուտ տալ»:

Սրանից հետո բոլոր ժամանակների մեծագույն մանիպուլյանտը դիմում է իր իմացածա միակ հնարքին՝ մանիպուլյացիային. «2018-ի մայիսին Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացը մենք՝ ես, ժառանգել եմ փակուղային դեֆորմացված վիճակում (սուտ՝ թիվ 1, Էդ. Ա.):

Եվ ո՞րն է եղել ամենակարեւոր պրոբլեմը այդ պահի դրությամբ՝ եղել է այն, որ միջնորդները, հետագա զարգացումների եւ կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ ըստ էության արտահայտել են այն նույն դիրքորոշումը, ինչ արտահայտել է Ադրբեջանը (սուտ թիվ 2): Բայց շատ կարեւոր է արձանագրել, որ դա 2018-ին չի, որ տեղի է ունեցել, այլ՝ շատ ավելի վաղ (սուտ՝ թիվ 3):

Ես խոսել եմ 2016-ի հունվարի իրադարձությունների մասին: Այդ ժամանակ ես վարչապետ չէի, միջնորդները Հայաստանին պայման են ներկայացրել հրաժարվել ԼՂ միջանկյալ կարգավիճակի գաղափարից, ինչը նշանակում է, որ, ըստ էության, հարցը դրված է եղել այսպես՝ նախկինում գոյություն ուներ «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձեւ (սուտ թիվ 4), հետո գոյություն ուներ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւ (սուտ՝ թիվ 5), 2016-ի ապրիլյան պատերազմով ամենավերին աստիճանի լրջացավ «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» բանաձեւը (սուտ թիվ 6):

Եվ մենք 2018-ի բանակցային գործընթացը ժառանգել ենք մի իրավիճակում, երբ որ սեղանի վրա դրված է եղել տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց բանաձեւը (ամփոփիչ սուտ՝ թիվ 7)»: Վստահ եմ, որ ՀՀ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Տեր Պետրոսյանը կվկայեն, որ բանակցային գործընթացը երբեք նման զարգացումներ չի ունեցել և երբեք չի դրվել հարցի կարգավորման՝ «տարածքներ ոչ մի բանի դիմաց» ձևակերպմամբ բանաձև: Նման բան լինել ուղղակի չէր կարող, որովհետև նույնիսկ Ադրբեջանը չէր կարող նման կարգավորում երևակայել: Փաշինյանը, փաստորեն, արել է անհնարինը՝ իր կետից գաղտնի բանակցելով Ալիևի հետ:

Հիշո՞ւմ եք խեղկատակի ելույթը ԱԺ ամբիոնից. «Մեզ ասում են հըըը, էդ ի՞նչ եք բանակցում… Ինչ պետք ա էն էլ բանակցում ենք»: Այն ժամանակ քո հպարտ քաղաքացիներին ասեիր, որ ըստ էության բանակցելու ոչինչ չկա, ու քեզ դեմ են տվել պատին, պիտի հողերը տաս: Գուցե հպարտ քաղաքացիները քեզ ու քո վիճակը հասկանային, գուցե հնարավոր լիներ խուսափել պատերազմից և այնպես վերադարձնել այդ հողերը՝ չզիջելով Շուշին ու Հադրութը, պահպանելով Լաչինի հուսալի միջանցքը:

Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր, չէ՞ քեզ՝ դե Նիկոլ ջան, հողերը պիտի տաս: Ի դեպ՝ էդ ի՞նչ ուժեղ բացահայտում արեցիր Նիկոլ: Լևոնն իսկապե՞ս քեզ այդպիսի բան էր ասել պատերազմից առաջ: Դուրս է գալիս, որ դու էլ կինոյի միջի տղեն էիր ու չուզեցար հողերը տալ: Բա խնդալու չի՞ սա, երբ դու պատերազմից հետո, այս խաղաղ պայմաններում ես հողեր տալիս… Վա՛յ, բնատուր կապիտուլյանտ, վայ:

Խոսքով ընկա ու քիչ էր մնում մոռաայի, որ իմ կռիվը ոչ թե Նիկոլի, այլ Սերժ Սարգսյանի հետ է: Պարոն Սարգսյան, համաձայնեք, որ Ձեր առաջին հրապարակման դոզան այն չէր: Չգիտեմ ինչպես ասեմ, բայց հրապարակված ձայնագրությունը մի տեսակ էն ազդեցությունը չունեցավ, որին սպասում էինք: Վերջին երեք տարում մենք, ախր, սովորել ենք, որ բացահայտումը պետք է լինի սենսացիոն, զգլխիչ, ղժժալու, սպանիչ…

Դուք եկել, այսպիսի բարձր թեմայով բացահայտում եք անում, որ ի՞նչ անեք: Տեսաք չէ՞, թե ինչպես Ձեր բացահայտումը մանիպուլյացրեցին ու փորձեցին Ձեր դեմ օգտագործել: Այնպես որ հետագա բացահայտումների դոզան պետք է այնպես կարգավորել, որ կապիտուլյանտը հանգիստ նստի տեղը կամ չունեցած ամոթից գետինը մտնի:

Եվ վերջում հանուն ճշմարտության պետք է նշեմ, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը բացահայտումներ անելու և դոսյեներ հրապարակելու մասին դրական իմաստով արդեն իսկ լուրջ ներգործություն է ունեցել Փաշինյանի վրա, և դա լավ է: Մի քիչ էլ որ դոզան ավելացվի, Փաշինյանը կսովորի իր մրցակիցների և մանավանդ նախկին նախագահների մասին խոսելիս օգտագործել «պարոն նախագահ» դիմելաձևը: