Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը Թագուհի Թովմասյանին

«Ինչո՞ւ չունենք կահավորված առաջնագիծ, ի՞նչ է սպասվում մեզ մինչև սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի մեկնարկը»,- ԱԺ հատուկ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հարցրեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ շատ դեպքերում մեր հանրային դիսկուրսը լսում է, հասկանում է, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ գումար ծախսելու անհրաժեշտություն չունի։

«Մեկը կար՝ պատերազմից առաջ ասում էր՝ ես լինեմ Ալիևի տեղը, այ հիմա կհարձակվեմ։ Ես խնդրում եմ հաջորդ անգամ միանգամից կոորդինատներով, քարտեզներով հրապարակեք։ Ասեք՝ օրինակ՝ կոորդինատ այսինչից այսինչում մենք չունենք խրամատներ, էստեղ մի քիչ ուժեղ ենք, էստեղով չարժե հարձակվել, բայց կողքը փոքր միջանցք կա, կարելի է այստեղից մտնել։ Մենք հասկանո՞ւմ ենք ինչ ենք անում ընդհանրապես»,- ասաց Փաշինյանը։

Թագուհի Թովմասյանն ասաց, որ մեր առաջնագիծը գտնվում է Ադրբեջանի տեսադաշտում, նրանք շատ լավ տեսնում են։ «Ես որևէ ռազմական գաղտնիք չբացահայտեցի իմ հարցում, այլ ընդամենը հարցրեցի՝ ինչո՞ւ է մեր պաշտպանական համակարգը գտնվում այդ վիճակում։ Սյունիքում ու իմ մարզում իրար դեմ դիմաց կանգնած են, ի՞նչ գաղտնիք բացահայտեցի։ Գաղտնիքն այն է, որ մենք պատերազմից հետո չունենք կահավորված առաջնագիծ։ Այդ պատասխանն եմ ուզում իմանալ՝ ինչո՞ւ»,- նշեց Թովմասյանը։

Փաշինյանն ասաց․ «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլ նաև դուք չեք կարող տեսնել այն ամենը, ինչ արվում է, որովհետև այդ արվողի հսկայական մեծամասնությունն արվում է գաղտնի։

Էն առաջնագիծը, որը տեսանելի է, մատչելի է, ուրեմն վատ առաջնագիծ է։ Ուրեմն, փառք Աստծո, ոչ դուք, ոչ էլ ադրբեջանցիները չեն կարող դա տեսնել։ Եվ ես ուրախ եմ դրա համար»։