«Կապիտուլյանտն Ազգային ժողովում նորից ստում է». Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խոսելով Արցախի կարգավորումից՝ կապիտուլյանտն Ազգային ժողովում նորից ստում է, կեղծում է, փորձում է խաբել հասարակությանը։ Կրկին աղավաղում է Սերժ Սարգսյանի կողմից վարած բանակցությունները։
Նախկին Արտգործնախարար Է.

Նալբանդյանը, Politique Internationale-ին տված իր հարցազրույցում մանրամասն ներկայացրել է բոլոր այն դրույթները, որի շուրջ բանակցել է Հայաստանը։
Կապիտուլյանտ Նիկոլի ստերին հավատալու փոխարեն, ովքեր կարդալ գիտեն, կարդացեք։
«…Համանախագահների բոլոր առաջարկները նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի փաթեթային հանգուցալուծում, փուլային իրականացմամբ, կարգավորման բոլոր տարրերի փոխկապակցվածությամբ։

Կրկնում եմ՝ բոլոր տարրերի փոխկապակցվածությամբ։
1) Վերջնական իրավական կարգավիճակ։
Նախատեսվում էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի համաժողովրդական քվեարկությամբ, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունը և կունենա իրավական պարտադիր բնույթ։ Ընդ որում՝ ընդգծվում էր, որ հարցի կամ հարցերի ձևակերպումները, որոնք կդրվեն քվեարկության, որևէ կերպ չեն սահմանափակվելու՝ նախատեսելով որևէ կարգավիճակի ընտրություն։ Որպես Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը մասնակցելու էր քվեարկությանը, հասկացվում էին որևէ ազգության մարդիկ, որոնք բնակվել են Լեռնային Ղարաբաղում 1988 թվականին՝ նույն համամասնությամբ, ինչ մինչև հակամարտության սկիզբը, ինչն արտացոլված էր վերջին մարդահամարի տվյալներում։ Այն ժամանակ հայերը կազմում էին բնակչության ավելի քան 76 տոկոսը։
2) Միջանկյալ կարգավիճակ։
Մինչև իր վերջնական կարգավիճակի սահմանումը Լեռնային Ղարաբաղը ստանում էր միջանկյալ կարգավիճակ, որի բոլոր գործառույթները մանրակրկիտ նկարագրված էին, ներառյալ՝ օրենսդիր, գործադիր և տեղական իշխանությունների ձևավորումը և գործունեությունը, ինքնապաշտպանության սեփական ուժերի, դատարանների և իրավապահ մարմինների հիմնադրումը և նրանց գործառույթների իրականացումը, ԵԱՀԿ-ում դիտորդի կարգավիճակի տրամադրումը, ինչպես նաև անդամակցության իրավունքն այն միջազգային կազմնակերպություններում, որոնց համար Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը որպես խոչընդոտ չի դիտարկվի, արտաքին հարաբերությունների իրականացում այն բնագավառներում, որոնք նախատեսված են համաձայնագրով, ուղղակի արտաքին ներդրումներ, միջազգային դոնոր կազմակերպությունների և արտասահմանյան պետությունների ուղղակի օգնություն, ինչպես նաև մուտք միջազգային շուկաներ։ Այդ բոլորը գործնականում նշանակում էր «ստատուս քվո պլյուս»։
3) Անվտանգության երաշխիքներ։
Միջանկյալ կարգավիճակի պայմաններում նախատեսվում էին անվտանգության բազմամակարդակ երաշխիքներ. Լեռնային Ղարաբաղի հանդեպ ուժ չկիրառելու Ադրբեջանի հանձնառությունը, միջազգային խաղաղապահ գործողությունը և խաղաղապահ ուժերի տեղաբաշխումը, Հայաստանի ճանաչումն իբրև Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի կողմից անվտանգության ապահովումը, համանախագահ երկրների կողմից անվտանգության երաշխիքները, ինչպես նաև այդ նպատակով ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի ընդունումը։
4) Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք։
Մինչև վերջնական կարգավիճակի որոշումը Լաչինի շրջանով անցնող միջանցքի օգտագործման անվտանգության և բոլոր այլ հարցերը պետք է ապահովվեին և որոշվեին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից՝ այն ստատուս-քվոյի հիման վրա, որը գոյություն կունենար խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահին։ Այդ միջանցքի վերջնական կարգավիճակը և լայնությունը պետք է որոշվեին Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման համատեքստում։ Ամեն դեպքում, խոսքը ոչ թե 5 կիլոմետրի մասին էր, ինչպես այժմ է, բազմակի անգամ ավելի մեծ լայնության։
5) Տարածքների վերադարձ։
Խաղաղության համաձայնագրի շրջանակներում ֆիքսված փաթեթային պայմանավորվածությունների շրջանակներում ամրագրված այնպիսի փոխկապակցված չափանիշների, ինչպիսիք են վերջնական կարգավիճակի, միջանկյալ կարգավիճակի, միջանցքի և այլ տարրերի սահմանումից, հստակ միջազգային ու այլ երաշխիքների և անվտանգության միջոցառումների ներդրումից, ներառյալ՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի երաշխիքներից, ինչպես նաև խաղաղ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, նախատեսվում էր հինգ՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանների վերադարձը, որոնք պետք է ապառազմականացվեին, այսինքն Լեռնային Ղարաբաղի շուրջ պետք է ստեղծվեր ապառազմականացված գոտի և հենց այդ շրջաններում պետք է տեղաբաշխվեին խաղաղապահ ուժերը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ, այլ ոչ թե՝ Լեռնային Ղարաբաղում։
Լաչինի ոչ միջանցքային հատվածի և Քելբաջարի շրջանի վերադարձը նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցով քվեարկության անցկացման կազմակերպական հարցերի համաձայնեցման փոխկապակցությամբ։
Ընդ որում՝ ինչպես նշված էր դեռ Կազանի փաստաթղթում, կողմերը ձգտելու էին համաձայնեցնել բոլոր այդ փոխկապակցված հարցերն այնպիսի ձևով, որպեսզի համապատասխան պայմանավորվածություններն սկսեին կիրառվել խաղաղ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարի անց։
6) Հաղորդակցության վերաբացում։
Ինչպես Կազանի փաստաթղթով, այդպես էլ հակամարտության կարգավորման համաձայնագրի հետագա մշակումների իրականացման շրջանակներում առաջարկվում էր հետ կանչել բոլոր այն վերապահումները և հատուկ կարծիքները համապատասխան միջազգային համաձայնագրերից, որոնք սահմանափակում էին հաղորդակցության ազատությունը, վերացնել բոլոր շրջափակումները, ապահովել բոլոր տրանսպորտային և այլ կապերի անխափանությունը, բացել բոլոր սահմանները և հաղորդակցությունները, որոնք անցնում են կողմերի տարածքներով։ Կրկնում եմ, խոսքը գնում էր հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում հաղորդակցության ուղիների բացման մասին ամբողջ տարածաշրջանում, իսկ 2008-2018-ի բանակցային գործընթացի շրջանակներում չի եղել շեշտադրում որևէ այլ կոնկրետ շրջանների միջև հաղորդակցության վրա, բացի Լաչինի միջանցքից»»։